Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ռոբերտ Քոչարյան վարչապետի պարագայում «անգլիական թագուհու» կարգավիճակը նախագահի համար դառնալու է անխուսափելի»

«Ռոբերտ Քոչարյան վարչապետի պարագայում «անգլիական թագուհու» կարգավիճակը նախագահի համար դառնալու է անխուսափելի»
19.09.2008 | 00:00

«ԱՅՍ ԿՌԻՎԸ ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՌԻՎԸ ՉԷ»
Ի՞նչն էր պատճառը, որ «Հայ արիական միաբանությունը» չխառնվեց ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական գործընթացներին։ Մանրամասնում է ՀԱՄ-ի առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
-Նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չպաշտպանելով և նման դիրքորոշումը հիմնավորելով՝ մենք ցույց տվեցինք մեր վերաբերմունքը ներկայիս քաղաքական բևեռների նկատմամբ,- ասաց հայ արիականների ղեկավարը։- Այլ խոսքով, Հայաստանի արմատական ազգայնական ուժերը փաստեցին, որ չեն տեսնում իրենց համագործակցությունը ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական ուժերի հետ։ Սա չի նշանակում, թե մենք մեկուսացել ենք քաղաքական դաշտից։ Ամենևին։ Հայ ազգայնականներս հանդիպումների շարք ձեռնարկեցինք թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թևերի ներկայացուցիչների հետ, հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հասկացանք, որ ներքաղաքական իրավիճակը կարող է չափազանց տխուր հետևանքներ ունենալ։ Ասեմ ավելին. այդ ընթացքում քաղաքական երկու բևեռներից էլ իրենց ճամբարն անցնելու առաջարկներ արվեցին, սակայն մենք փորձեցինք հեռու մնալ, քանզի «ՈՒխտ Արարատի» և նմանատիպ այլ կազմակերպությունների հետ նպատակ ունենք առաջիկայում ո՛չ ծայրահեղական, առողջ ազգայնական ուղղվածություն ունեցող բևեռ ձևավորել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ իշխանության համար մղվող այս կռիվը հայ ազգայնականների կռիվը չէ։ Ո՛չ իշխանությունների, ո՛չ ընդդիմության կողմից առաջ քաշված գաղափարական, քաղաքական լուրջ ծրագրեր չենք տեսնում, որոնք հույս ներշնչեին, թե Հայաստանը կարող է ընթանալ ազգային, իրավական լուրջ պետություն դառնալու ուղիով։ Ավելին, մեզ համար հստակ է, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը բառացիորեն նույն արտաքին քաղաքական գիծն են առաջ տանում ու ծառայում են, փաստորեն, միևնույն աշխարհաքաղաքական բևեռին։ Այս հարթության մեջ իրոք հրամայական է դառնում ոչ միայն նոր ազգայնական բևեռի, այլև ընդհանրապես նոր որակի ընդդիմության ձևավորումը, որպես այլընտրանք, այսպես կոչված, «սև» և «սպիտակ» բևեռների։ Վերջին շրջանում հատկապես Սերժ Սարգսյանի վարած եռանդուն քաղաքականությունը Թուրքիայի և Արևմուտքի ուղղություններով եկավ ապացուցելու, որ հանրապետության երրորդ նախագահը, թերևս, մտածված ձևով կարողացավ ընդդիմության և առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքից խլել այն առաջնայնությունը, որը վերջինիս համար որոշակի օժանդակություն էր ապահովում դրսից։ Այս համապատկերում մենք առավել ևս բացառում ենք գաղափարական, քաղաքական համագործակցությունը գործող բևեռներից որևէ մեկի հետ, հատկապես աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրների շուրջ, որոնց առնչությամբ լուրջ տարակարծություններ ունենք։
-Դառնանք ներքաղաքական իրողություններին։ ԱԺ նախագահի փոփոխությունը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, օրենսդիր մարմնի հեղինակությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում։ Հարյուր երեսունմեկ պատգամավոր ունեցող խորհրդարանում կարո՞ղ է աշխատել «Մարտադաշտում մեկն էլ զինվոր է» լավատեսական սցենարը։
-Չանձնավորելով հարցը (ինչո՞ւ Հովիկ Աբրահամյան և ոչ Տիգրան Թորոսյան)՝ ուզում եմ շեշտել, որ ԱԺ նախագահի փոփոխությամբ ականատեսն ու վկան ենք լինելու ավելի լուրջ տեղաշարժերի, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական բեմահարթակում։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հայ քաղաքական իրականության մեջ գերիշխողն անգլո-ամերիկյան ուղղվածությունն է, որի կրողներն այսօր առանցքային պաշտոններ են զբաղեցնում նախագահական նստավայրում։ Որքան ես տեղյակ եմ՝ Տիգրան Թորոսյանն էլ այս ուղղվածությանն էր հարում, և նրա փոփոխությունն էլ, կարծում եմ, տարածաշրջանում Ռուսաստանի աննախադեպ ակտիվացմամբ պայմանավորված քաղաքական խոշոր շահերի բախման փոքր հետևանքն է։ Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Ռուսաստանը պետք է փորձի իր ռազմավարական դաշնակիցը համարվող պետություններում ղեկավար պաշտոններից հեռացնել անգլո-ամերիկյան կողմնորոշում ունեցող գործիչներին՝ ճանապարհ բացելով ռուսամետ գործիչների համար։ Իսկ Հովիկ Աբրահամյանի ունեցած կապերը Ռուսաստանի քաղաքական վերնախավում, համոզված եմ, որևէ մեկի համար գաղտնիք չեն։ Գաղտնիք չեն նաև Ռոբերտ Քոչարյանի սերտ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ, և ես ենթադրում եմ, որ Տիգրան Թորոսյանից հետո, միգուցե, ականատեսը լինենք նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև որոշ նախարարների ու փոխնախարարների պարտադրված հրաժարականների, ինչը լինելու է ոչ այնքան ներհայաստանյան քաղաքական խմորումների, որքան Ռուսաստան-Եվրոպա շահերի բախման արդյունք։
-ՈՒզում եք ասել՝ ՀՀ իշխանությունները սեփական երկրի ներսում ինքնուրույն վճիռներ կայացնելու իրավունք չունեն և դրսի պարտադրանքն իրականացնողի հայեցողական դերո՞ւմ են։
-Ոչ, նման բան չասացի։ Քավ լիցի, այդպես չէ, բայց Հայաստանը դեռ այն հզորությունը չունի, որ ներքին ու արտաքին բոլոր կնճռոտ հարցերում կարողանա միանձնյա որոշումներ կայացնել, ուստի հաճախ ստիպված է հաշվի նստել այն պետությունների հետ, որոնք կարող են փակել Հայաստան մտնող ճանապարհները կամ գազատարները։ Նման լծակներ ունեցողներն էլ խաղի իրենց կանոններն են թելադրում։ Սրա՛ մասին է խոսքը, և կապ չունի՝ Սերժ Սարգսյա՞նն է նախագահը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Տեր-Պետրոսյանը։ Չմոռանանք, որ իրենց ժամանակին առաջին և երկրորդ նախագահներն էլ են գնացել որոշակի զիջումների։ Այնուհանդերձ, եթե այդ զիջումները տեղափոխվում են երկրի ազգային շահերն անտեսող հարթություն, դա չի կարող ներվել պետության և ոչ մի ղեկավարի։
-Չբացառեցիք, որ առաջիկա ամիսներին կարող է տեղի ունենալ նաև վարչապետի փոփոխություն, և Տիգրան Թորոսյանի պարտադրյալ հրաժարականն էլ, շախմատային տերմինով ասած, բազմաքայլ կոմբինացիայի առաջին լուրջ գաղտնի քայլն է։ Բայց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք այդքան բարդացնել խաղը, եթե կարելի էր այն սկսել ու ավարտել «վարչապետի գամբիտով»՝ գործադիրի գլուխ կարգելով Ռոբերտ Քոչարյանին և ազատվելով հետագա գլխացավանքից։
-Չեմ կարծում, թե բոլոր այն փոփոխությունները, որոնք արդեն արվել են ու դեռ պիտի արվեն, Սերժ Սարգսյանը շատ էլ մեծ գոհունակությամբ է իրականացնում։ Ավելին, չի բացառվում, որ նա գնում է այդ քայլին՝ իր ցանկությունից անկախ, և բոլորովին ոգևորված չէ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ կարգելու հեռանկարով։ Կրկնում եմ՝ դա կարող է տեղի ունենալ միայն որոշակի արտաքին պարտադրանքների արդյունքում։ Այնպես որ, նախագահը չի շտապելու և հիմա էլ չի շտապում դա անել ու հնարավորինս ձգելու է իր համար անցանկալի պահը, ընդհուպ՝ նման սցենարի լրիվ բացառումը, քանի որ Ռոբերտ Քոչարյան վարչապետի պարագայում (չեմ սիրում այդ արտահայտությունը, բայց ստիպված եմ կրկնել) «անգլիական թագուհու» կարգավիճակը Սերժ Սարգսյանի համար դառնալու է անխուսափելի։
-Որոշ վերլուծաբաններ համոզված են, թե ԱԺ նախագահի փոփոխությամբ Սերժ Սարգսյանը շատ ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում, քան կարող է թվալ քաղաքական պարզունակ հաշվարկի սիրահարներին։ Այլ խոսքով՝ նախագահը մտադիր է ներխորհրդարանական ճգնաժամ «բեմադրել» և «բիրիքով» «բորդյուրին թողնել» իր համար անցանկալի յուրայիններին ու հակառակորդներին։
-Եթե Սերժ Սարգսյանն իսկապես մեծ խաղ է սկսել, ասենք, փորձում է մի կողմից Իրանի ու Թուրքիայի, մյուս կողմից` Հյուսիսի ու Արևմուտքի, ինչպես նաև ներհայաստանյան բոլոր քաղաքական ուժերի հետ լեզու գտնելով երկիրը դուրս բերել ճգնաժամից, նման խաղը միայն ողջունել կարելի է։ Գյուլի՞ն կհրավիրի Հայաստան, թե՞ ինքը կգնա Թուրքիա, մեզ համար բնավ էական չէ, եթե նպատակը մեր ազգային շահերի գերակայության ամրագրումն է։ Նույնը՝ Ադրբեջանի և ներքաղաքական զարգացումների պարագայում։ Բայց եթե Սերժ Սարգսյանն այս խաղն սկսել է, որպեսզի բոլորի ձեռքից ինչ-որ լծակներ խլի ու իրենով անի, ապա, Աստված մի արասցե, նույն այդ լծակները ոչ միայն հենց իր գլխին են ջարդվելու, այլև Հայաստանի։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4661

Մեկնաբանություններ